Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Հայաստանն ու Բելառուսը կարող են հայտնվել նույն կարգավիճակում»

«Հայաստանն ու Բելառուսը կարող են հայտնվել նույն կարգավիճակում»
18.09.2013 | 17:31

«Ի՞նչ ձևաչափով պետք է շարունակի Հայաստանն աշխատել Եվրամիության հետ, որպեսզի ԵՄ ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելու դեպքում հարաբերությունները չսառեցվեն, այլ կարողանանք հասնել որոշակի արդյունքների»:

Հարցն ուղղեցինք Երևանի մամուլի ակումբի նախագահ, «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» համանախագահ Բորիս Նավասարդյանին:
«Ես չեմ կարծում, թե որևէ ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե Հայաստանը չի նախաստորագրում ԵՄ ասոցացման համաձայնագիրը և շարունակում է իր կողմնորոշումը դեպի Մաքսային միություն: Այն, ինչ փորձում է Եվրամիությունն առաջարկել Հայաստանին, դա այն է, ինչ մենք ունեինք երկար տարիներ: Ուղղակի ԵՄ-ն, հույս ունենալով, որ Հայաստանը երբևէ կհասունանա ավելի խոր հարաբերությունների համար, օգնություն էր ցուցաբերում Հայաստանին` առանց ակնկալելու արմատական բարեփոխումներ: Բայց դա չի կարող լինել անվերջ: Որևէ այլ ձևաչափ, եթե դա ԵՄ ասոցացման համաձայնագիր չէ, ես չեմ պատկերացնում որպես օգտակար գործողություն, որը տեսանելի ապագայում կարող է ինչ-որ բան խոստանալ մեր երկրին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունը և օլիգարխիան տարանջատված են երկրից, և նրանց շահերն արմատապես տարբերվում են Հայաստանի հասարակության շահերից:
Ինչ վերաբերում է ապագա գործընթացներին, ապա, ըստ Բորիս Նավասարդյանի, Հայաստանը դուրս չի գա Արևելյան գործընկերության ծրագրից:
«Այդ նախաձեռնությունն արդեն մի քանի մասերի է բաժանվել: Եթե մինչև այսօր բոլոր վեց երկրներն ունեին հիմնականում նույն կարգավիճակը, հիմա առաջ է գալիս կարգավիճակների տարբերություն: Կլինեն երկու կամ երեք երկիր, որոնք ունեն ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, և այդ երկրների հետ հարաբերությունները չեն կարող լինել նույնը, ինչ մնացածների հետ: Ես ակնկալում եմ, որ շատ կարճ ժամկետում տեղի կունենա բնական տրոհում: Մենք կլինենք այն երկրների ցանկում, որոնք շարունակելով համագործակցությունը ԵՄ-ի հետ, միևնույն ժամանակ գտնվում են այլ աշխարհաքաղաքական և նույնիսկ այլ քաղաքակրթական տիրույթում: Այդ կարգի երկրների հետ ԵՄ-ն կարող է իրականացնել շատ տարբերակված քաղաքականություն: Հայաստանն այս դեպքում Բելառուսի հետ կարող է հայտնվել նույն կարգավիճակում: Նույնիսկ Ադրբեջանը կունենա ավելի բարձր կարգավիճակ, քան Հայաստանը: Նա, չունենալով ԵՄ ասոցացման համաձայնագիր, ի տարբերություն Հայաստանի, չի զրկվում այդ հեռանկարից, այլ կարող է խորացնել այդ հարաբերությունները, երբ պատրաստ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Բորիս Նավասարդյանը ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հայտ ներկայացրած երկրները բաժանում է երեք կատեգորիայի. առաջին խմբում են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, երկրորդ խմբում` Ադրբեջանը և երրորդ խմբում` Բելառուսն ու Հայաստանը:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա ԵՄ-ն, ըստ մեր զրուցակցի, համագործակցում է այդ երկրի քաղաքացիական հասարակության հետ, իսկ պետության հետ համագործակցության մակարդակը շատ ցածր է:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ նման համագործակցությունը ձեռնտու կլինի նաև Հայաստանին, քանի որ ԵՄ-ն կուժեղացնի այն կառույցները, որոնք եվրոպամետ են: Մյուս կողմից, ըստ նրա, այդ ամենը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, որովհետև հայ հասարակության մեջ խորանալու է հակամարտությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ